Նորից նախընտրական շրջան է, ու նորից ընդդիմությունը միավորվելու խնդրի առաջ է կանգնած։ Անկախության տարիներին ընդդիմադիր միավորումների ձախողման պատճառները բազմիցս քննարկվել են, քաղաքական տարբեր գործիչներ իրենց բացատրությունն են տվել, բայց անհաջողությունները դաս չեն եղել, ուստի սխալները մշտապես կրկնվել են։ Խորհրդարանական ընդդիմադիրներից փորձեցինք ճշտել՝ ո՞ր ընդդիմությունը կարող է հաջողել և իշխանությանն իրական մրցակից դառնալ։
«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»
ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ (ՀԱԿ խմբակցության ղեկավար)
-Միավորված ընդդիմության հաջողության երաշխիքը ո՞րն է՝ գաղափարական հե՞նքը, թե՞ իշխանափոխության նպատակը։
-Գլխավոր ու կարևոր հանգամանքը ժողովրդավարության վերականգնման ծրագիրն է։
-Իսկ իշխանափոխությո՞ւնը։
-Իշխանափոխություն հանուն ինչի՞։ Հանուն ժողովրդավարության հաստատման։
-Ոմանք կարծում են, թե ընդդիմությունն այսքան տարի չի հաջողել, քանի որ տարբեր գաղափարների տեր ուժեր են մեկ դրոշի տակ հանդես եկել։
-Գաղափարական հակասություններն այնքան կարևոր չեն, քանի որ ոչ ընտրողն է գաղափարական սկզբունքներով ընտրություն անում, ոչ էլ ընտրությունների ժամանակ գաղափարախոսությունը որևէ նշանակություն ունի. իշխանությունն ուղղակի կոպտորեն կեղծում է ընտրությունները։ Խնդիրն այն է, որ պետք է իրականում ընտրություն լինի, որ մարդիկ տարբերակումներ դնեն գաղափարների միջև։ Հիմա ամենակարևոր խնդիրը ժողովրդավարության վերականգնումն է։
-2008-ին ՀԱԿ-ի շուրջ համախմբված ուժերը գաղափարական տարաձայնությունների՞, թե՞ այլ պատճառներով տրոհվեցին։
-Նախ՝ բնության մեջ ոչ մի բան հավերժ չէ, այդտեղ ոչ մի գաղափարական խնդիր չկար։ Տարբեր պատճառներ կային, որոնց այս պահին չեմ ցանկանում անդրադառնալ։ Բայց պարզ է, որ ընտրություններն են քաղաքական ցանկացած ուժի էներգիայի աղբյուրը։ Ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածը Հայաստանի պես ոչ ժողովրդավարական երկրում նման է անապատի, որն ամեն մեկը չի կարող անցնել մինչև վերջ։ Դիմանում են միայն վճռականները, ուժեղները, կայունները։
-Այս ընտրություններում ՀԱԿ-ի համար ինչպիսի՞ միավորումներն են ընդունելի։
-Իհարկե, կձգտենք նույն գաղափարախոսությունը դավանող ուժերի հետ համախմբվել, բայց սա չէ կարևորը։ Էականն այն ուժերի միավորումն է, որոնք իշխանափոխությունը և ժողովրդավարության վերականգնումն են համարում առաջնայինը։ Այսինքն, այս առումով ոչ մի սահմանափակում չունենք։
«ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԷԼԻ ԿԵՆՍՈՒՆԱԿ Է»
ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ (ԲՀԿ խմբակցության քարտուղար)
-Այսօր կրկին ընդդիմությունը փորձում է միավորվել ու համատեղ ուժերով գնալ խորհրդարանական ընտրությունների. ո՞ր գաղափարի, թե՞ զուտ իշխանափոխության նպատակի շուրջ միավորված ընդդիմությունը կհաջողի։
-Բնականաբար, և՛ գաղափարական, և՛ ծրագրային ընդհանրություններ ունեցող ընդդիմությունը։ Ավելին, այդ ամենն այնքան իրատեսական պետք է լինի, որ հանրային վստահություն վայելի, քանզի գաղտնիք չէ, որ և՛ իշխանության, և՛ ընդդիմության հանդեպ անվստահություն կա։ Այս ընտրություններին դեռ ժամանակ կա, և ներքին համոզմունք ունեմ, որ Հայաստանում էական զարգացումներ կլինեն։
-Իշխանափոխության պահանջը կարո՞ղ է լինել միավորման հիմք։
-Դա, ըստ էության, ընդդիմադիր ուժերի ցանկությունն է և գործունեության դաշտը։
-Տարիներ շարունակ տարբեր ուղղվածության, բևեռների քաղաքական ուժեր միավորվել են իշխանափոխության դրոշի ներքո ու ոչ մի էական արդյունքի չեն հասել, նույն ճանապարհով արժե՞ գնալ։
-Չի բացառվում, հնարավոր է այդ ճանապարհն էլի կենսունակ լինի։ Ժամանակը ցույց կտա։
-ԲՀԿ-ն պատրա՞ստ է առանցք լինելու տարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեցող ուժերի միավորման համար։
-Մենք խորհրդարանում երկրորդ խոշոր քաղաքական ուժն ենք, և տրամաբանությունը հուշում է, որ փոքրերը պետք է միավորվեն մեծի շուրջը։
-Կա՞ մի սկզբունք, որը համագործակցության համար էական է համարվելու։
-Այս պահին մի բան հստակ է՝ ընդդիմադիր դաշտում ընտրական գործընթացների շուրջ լավ համագործակցություն ունենք, իսկ գաղափարական, ծրագրային հարցերի շուրջ միավորումների մասին առայժմ չեմ կարող խոսել, քանի որ դեռևս որոշակի քայլեր չեն ուրվագծվում։
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՅՆՔԱՆ ՈՒԺԵՂ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ, ՈՐ ԿԱՐՈՂԱՆԱ ՄՐՑԵԼ ՈՒ ՀԱՂԹԵԼ»
ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ («Ժառանգություն» խմբակցության անդամ)
-Գաղափարների՞, թե՞ իշխանափոխության նպատակի շուրջ միավորված ընդդիմությունն է հաջողելու։
-Որն արդյունք կտա։
-Այսի՞նքն։
-Չգիտեմ, ամեն մեկն իր տեսլականն ունի։ Էականն այն է, որ ընդդիմությունն իր այլընտրանքը ներկայացնի և դրանով պայքարի իշխանության դեմ։ Միայն ասել՝ գնանք այսինչ մարդուն պաշտոնազրկենք, այլևս չի աշխատելու։ Պետք է այլընտրանքային ծրագիր մշակել, որն այնքան հասկանալի լինի հանրությանը, որ նա պատրաստ լինի գնալու և դրան քվե տալու։ Ասել է՝ մարդը պետք է հավատա, որ այդ ծրագրին հավանություն տալով, վաղն իր կյանքում ինչ-որ բան փոխվելու է։
-Շատերը պնդում են, որ այսօր հասարակությունը պատրաստ չէ գաղափարական ընտրության։ Այդպե՞ս է։
-Ի՞նչ է նշանակում՝ հասարակությունը պատրաստ չէ։ Մեկ ընդդիմությունը պատրաստ չէ, մեկ՝ հասարակությունը։ Պետք է աշխատել։ Ցանկացած թիմ պետք է հստակ ներկայացնի, որ այս-այս մարդկանցով այսինչ ծրագիրն ենք առաջ քաշում։ Այդ ծրագիրն այնքան ուժեղ պետք է լինի, որ կարողանա մրցել ու հաղթել։
-Այսքան տարի Հայաստանի ընդդիմադիր գրեթե ոչ մի միավորում հաջողություն չի ունեցել։ Ինչո՞ւ։
-Տարբեր պատճառներ են եղել՝ անձնական նկրտումներից մինչև չհաշվարկված քայլեր։ Հիմա ժամանակն է բոլոր թույլ տված սխալներից դասեր քաղելու և առաջ գնալու։ Եթե երբևէ չենք խոսելու սխալների մասին, դատապարտված ենք։ Քաղած դասերը, սխալները պետք է դնել սեղանին, որ մարդիկ տեսնեն ու հասկանան, թե ինչ ուժերի հետ գործ ունեն։ Օրինակ, այսօր կան մարդ-կուսակցություններ, դրանք ևս պետք է ազնիվ լինեն ու խոսեն իրենց իրական ռեսուրսների մասին։ Եթե այս խնդիրներին պատասխան չտրվեն, ամեն ինչ վերածվելու է զուտ գեղեցիկ խոսքերի, որոնք արհեստական շահարկումների դաշտում են հայտնվելու։ Իսկ այս խաղում իշխանությունները միշտ հզոր են, քանի որ ունեն և՛ ռեսուրս, և՛ լծակներ, և՛ ներուժ։
«ՈՉ ՄԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ»
ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ (ՀՀԿ խմբակցության քարտուղար)
-Իշխանության համար ո՞ր ընդդիմությունն է վտանգավոր։
-Ոչ մի ընդդիմություն իշխանության համար վտանգ չի ներկայացնում։ Բոլորն էլ մրցակիցներ են։
-Այդ դեպքում ո՞րն է ավելի հզոր մրցակից։
-Կարծում եմ՝ գաղափարական ընդդիմությունը կարող է ավելի հզոր մրցակից լինել։
-Այսօր այդպիսի ընդդիմություն կա՞։
-Սահմանադրական բարեփոխումների կարևոր գործոններից մեկն էլ գաղափարական ընդդիմությունն է, որը մրցակցային քաղաքականություն իրականացնելու հարցում դրական ազդեցություն կունենա։
-Այսօր ընդդիմադիրների համար առավել կարևոր է իշխանափոխության գաղափարը, և միավորումները հենց այդ հիմքով են ձևավորվում։
-Դրանք ընդամենը քաղաքական բնույթի հայտարարություններ են, նախընտրական թեզեր։ ՈՒրիշ ոչինչ։
Ճեպազրույցները՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ